Կյանք, Սեր, Յոգա: Արմենուհի Հարությունյան

18.04.2018 at 16:33

Մարմնովս սահող տաք յուղի շիթը մի պահ ինձ կտրեց իրականությունից: Հեռվից լսվող ձայնի երանգները անզուսպ թափանցեցին ուղեղիս մեջ և ինչ-որ անսովոր հպումով ինձ վերցրեցին ու տարան:

***

-Խորը շնչեք, արտաշնչեք, թուլացրեք Ձեր մարմինը, ոտքերը, ձեռքերը, ճակատը, աչքերը…բաց թողեք մտքերը: Հետևեք ձեր շնչառությունը…

***

-Դու այստեղ ես: Վաղուց չէինք հանդիպել:

-Իհարկե այստեղ եմ: Բարև

-Դու ինձ սովորաբար հյուր ես գալիս միայն այն պահերին, երբ շատ դժվար է լինում: ՀԵս շատ լավ հիշու,մ եմ մեր առաջին հանդիպումը: Հիշում եմ երկար 40 ժամեր, ինչ-որ տարօրինակ միջավայր, որտեղ աջից-ձախից սեղմում էին,սեղմում էին վերև-ներքև, հետ-առաջ….9 ամիս շարունակ տաքուկ տարածքը նեղ էր ու միակ ցանկությունը դուրս պոկվելն էր: Եվ վերջապես, Ազատությու՜ն:

-Ձեր աչքը լույս լինի: Ձեր երեխան  ծնվեց:

Տարածքը լցված էր երջանկությամբ,հոգատարությամբ, կաթի հետ սեր էր հորդում ու դառնում էր ծիծաղ, ժպիտ, թոթովանք…

-Ես շատ լավ եմ հիշում, ես կողքիդ էի:

-Այո՛, դու կողքիս էիր: Հետո, երբ առաջին ատամս հայտնվեց, իսկ ես դեռ նոր էի կարողանում նստել, եկավ այն ճակատագրական պահը, երբ ես պիտի իմ կյանքի առաջին լուրջ ընտրությունը կատարեի: Այն էլ ինչ ընտրություն…

-Դու իհարկե ինձ չլսեցիր այդ պահին…

-Այո, ես քեզ չլսեցի, քանի որ չկար ավելի մեծ ուրախություն,քան իմ ծնողների, իրենց երեխային բժիշկ տեսնելու երազանքը իրագործելը: Ու ես ձեռքս մեկնեցի բժշկական ֆոնենդոսկոպին: Ու առաջին քայլն արված էր…

-Այո, բժիշկ, հիվանդներ, հոգատարություն, …բայց դա քո ճանապարհը չէր: Հետո, երեք տարի անց հանդիպեցինք հիվանդանոցում: Դու դեռ փոքր էիր բժիշկ դառնալու համար, բայց կողքիդ անդադար գնացող-եկող բժիշկներ էին: Ես քեզ հյուր եկա, երբ ընկերոջդ սենյակի լույսը վառ թողեցին:

-Դա էլ եմ հիշում: Երբ նրան տարան կողքի սենյակ, իրարանցում էր ու բոլորը լացում էին: Հետո լույսը վառ թողեցին: Այդպես էր ընդունված:

Մենք վեց հոգի էինք սենյակում: Առաջինը այն տղան էր, իմ նոր ընկերը, որը դեռ նոր էր սովորել քայլել:  Ես նրան գիրք էի նվիրել և խնդրել էր, որ միշտ իմ կողքին լինի: Բայց նա հեռացավ…Ինձ լքեցին նաև մյուս հինգը, որոնց հետ ես երազանքներ էի կապել:

-Այո, ես և դու այդ օրը երկար խոսեցինք: Դու արդեն հասկացել էիր ինչ է կորուստը: Բայց դեռ չէիր հասկանում, թե ինչպես վարվել դրա հետ: Մեկ լացում էիր, մեկ ծիծաղում ու անդադար պատմում էիր, պատմում էիր, պատմում…

****

Հեռվից եկող ձայնը ընդհատեց զրույցը.

-Խորը շնչեք, արտաշնչեք, թուլացրեք ձեր միտքը: Պատկերացրեք ձեզ մանուկ հասակում, մոտեցեք այդ փոքրիկ երեխային, զգուշությամբ բռնեք նրա ձեռքը,շոյեք նրա գլուխը և ասեք. <<Ես քեզ սիրում եմ>>…

***

-Գիտես ինչ եմ հիշում, դու սիրահարվել էիր:

-Ա՜…ես էլ հիշեցի: Քունս կորցրել էի, խենթացել էի, ոտքերս կտրվել էին գետնից: Ես նույնիսկ մի բուռ մազ պոկեցի այն աղջկա գլխից, որը համարձակություն էր ունեցել նստելու իմ սիրած տղայի կողքին…

-Այո, շատ ծիծաղեցինք այդ օրը: Դու շատ համառ էիր և, միգուցե, առաջին անգամ հասկացել էիր, թե ինչ է սերը: Բայց չէիր հասկանում՝ ոնց վարվես դրա հետ, ոնց ապրես դրա հետ, ոնց սիրես: Դու միայն պատմում էիր, պատմում էիր, պատմում…

***

— Հանգիստ շնչեք, արտաշնչեք ,պատկերացրեք լույս ձեր սրտի խորքում և ավելի խորը գնացեք դեպի ձեր սիրտը, դեպի այդ լուսյը…գնացեք դեպի այդ լույսը…

***

-Դու դեռ այստեղ ես:

-Այո, ես  քեզ հետ եմ

-Ինչ լավ է: Ես քեզ հասցրեցի կարոտել: Հիշում եմ մի օր, երբ կոնյակի և սիգարի մեջ թաղել էի երեկոս, Դու նորից ինձ հյուր եկար: Ես մրսում էի: Ծածկոցը գցեցիր ուսերիս ու ես քեզ երկար պատմեցի, որ կորցրել եմ կարոտս: Տարօրինակ է չէ՞, անտարբերություն: Անգամ մայրական բնազդը գնացել, մարել էր հեռվում ու միայն դատարկություն էր: Կարոտ, կարոտ: Ես այն նետել էի փողոց,մի ծանր մեքենա էր անցել դրա վրայով ու միայն ասվալտին դաջված յուղի հետք էր թողել: Հետքը մարմնի տեսք ուներ: Երբ բռնեցիր ձեռքս, ես զգացի այն ջերմությունը, կարոտն ու սերը, որ հորդում էր քեզանից: Հետո մենք երկար քրքջացինք, պարեցինք, խենթացանք և ես սիրո թևերի մեջ քուն մտա: Երբ ես լուսաբացին բակում հաչող շան ձայնից աչքերս բացեցի, հանկարծ հասկացա, որ ուզում եմ այդ շանը ներս բերել, սիրել ու խնամել նրան: Հանկարծ հասկացա, որ աշխարհում բոլորը՝ մարդիկ, կենդանիները, նույնիսկ այն ծածկոցը, որ մնացել էր ուսերիս ինչ-որ անհասկանալի կապով կապված են ինձ և ես դրանց մի մասն եմ: Այդ պահին ծարավ մարդու նման նետվեցի դեպի հեռախոսը, բայց այն ինձնից առաջ ընկավ. զանգ էր գալիս: Մի հարազատ ձայն ինձ այն կողմից ասաց.

-Բարև, ոնց ես: Ես քեզ կարոտել եմ:

-Այո, այդ պահին  դու էլ կարոտեցիր և առաջին անգամ հասկացար՝ ինչ է կարոտը,բայց չգիտեիր, ոնց վարվես դրա հետ, ոնց կարոտես…

***

-Ձեր ուշադրությունը կենտրոնացրեք շնչառության վրա, ընկալեք շրջապատի ձայները, ընդունեք դրանք և ավելի խորը գնացեք ինքներդ ձեր մեջ:

****

Կարմիր լույս, անհնազանդ խցանումներ, վայրկյանը մեկ զնգացող հեռախոս, հաղորդագրություններ, շնչահեղձ անող շոգ… թվում էր, թե կյանքը կանգ է առել, ու մի թեթեև հրում և դժոխքի դռները քեզ կլափեն: Դժվար օր էր: Նախ առավոտյան ինչ-որ տարօրինակ զանգ՝ անհեթեթ հարցումով, հետո այդ մղձավանջային ախտորոշումը ու ականջներում կրկնվող բժշկի խոսքերը.

-Դուք միայն մի լարվեք, ամեն ինչ վերահսկողության տակ է, ամեն ինչ լավ կլինի: Դուք միայն մի վախեցեք…

Հետո սպիտակ խալաթ, անծանոթ լեզու, փակվող դուռ, սահող մահճակալ, պիրկ գուլպաներ, ներարկիչ, խորը շունչ,արտաշունչ… Ճանապարհը թվում էր անվերջ:

***

-Բարև, դու այստե՞ղ ես:

-Ես միշտ կողքիդ եմ, պարզապես ինձ չես նկատում:

-Ների՛ր, հիշում եմ: Մեկ անգամ էլ այդպես եղավ: Մենք վաղուց չէինք խոսել: Ես 20 րոպե ժամանակ ունեի որոշում կայացնելու համար ու միակ զգացմունքը, որ ապրում էի տագնապ էր ու վախ: Ես վաղուց էի հասկացել, որ աշխարհում երկու զգացմունք կա՝ վախ և սեր: Ու մենք այդ օրը որոշեցինք մի խաղ խաղալ: Երբ վախը թաքստոցից դուրս էր գալիս, մենք վերցնում էինք սիրով լցված սրվակը, ջրում էինք նրան և այդ վախը մեր աչքի առջև դառնում էր հեքիաթային ծառ ու սկսում էր սիրո պտուղներ տալ: Իսկ վախը անհետանում էր, չքանում,վերանում…

-Դու հիմա վախենու՞մ ես:

-Ոչ: Եվ այն անգամ էր,որ վախը անհետացավ, դարձավ երկար լուսավորված ճանապարհ, որի վերջում խաչմերուկ կար՝ բազմաթիվ ուղիներով, ինչպես լինում է բարի ու սիրուն հեքիաթներում: Այնտեղ ճանապարհին փայլող քարեր էին նետված, որոնց մեջ գաղտնագրված հուշումներ էին ճանապարհների և ընտրությունների մասին: Անհագուրդ ծարավի զգացումը ինձ ստիպում էր վազել քարից քար՝ հասկանալու համար, թե ուր եմ գնում: Երբ խճճվեցի և հուսահատված նստեցի, դու նորից հայտնվեցիր: Աշխարհը իր ներկապնակը բացել էր բոլոր հայտնի ու անհայտ գույներով: Տիեզերքը մոտեցել էր այնքան, որ թվում էր՝ թևեր ունեմ ու կարող եմ բարձրանալ վեր, շատ վեր ու ամեն ինչին նայել այնտեղից: Ու մենք բարձրացանք: Իսկ այնտեղից ամեն ինչ այնքան փոքր էր, այնքան չնչին, որ ոչինչ կարևոր չէր, ոչինչ էական չէր…

-Իհարկե հիշում եմ: Դու այդ օրը, գուցե,առաջին անգամ հասկացար, թե ինչ է կյանքը: Բայց չէիր հասկանում, թե ինչպես ապրես այն և ինչի համար: Դու միայն ազատության համն էիր զգացել ու թռիչքի վեհությունը: Ուզում էիր մնալ այնտեղ, ապրել այնտեղ…

-Գիտես, ես ինձ էի գտել ու մի տեղ, որտեղ ներդաշնակ էր ու միայն սեր կա…

-Ոչ, դա դեռ սկիզբն էր: Դու պարզապես դեռ թմրադեղի ազդեցության տակ էիր…

Տարիներ անց. Հնդկաստան. Մարմնովս սահող տաք հոսքը ինձ կտրեց իրականությունից: Այս ու այն կողմի սահմանագծում ակնթարթը մի ամբողջ ժամանակահատված է, որի ընթացքում դու հասցնում ես լինել տարբեր աշխարհներում, ապրել տարբեր ժամանակներում, տարբեր մարմիններում: Եթե հաջողվում է մնալ անցման սահմանին մի նուրբ գլխապտույտ, մեղմ ալիք վերցնում է քեզ ու տանում է մաքուր, անգույն, անշոշափելի մի տեղ, որտեղ ամեն ինչ ներդաշնակ է: Ձայնը ինձ հետ բերեց: Մի քանի րոպեն ժամեր թվացին: Ինչի՞ համար է յոգա նիտրան։ Որպեսզի նորից սովորեք ապրել: Ապրե՞լ… Ես հանկարծ, գուցե իմ գիտակցական կյանքում առաջին անգամ ընկալեցի, որ օրը ունի 24 ժամ և 1440 րոպե, որ օրը ունի առավոտ, կեսօր, երեկո, գիշեր, որ օրը ունի լուսաբաց ու մթնշաղ ու երբ քնատ երկրի վրա արևը սկսում է իր մոտալուտ ծագումը ակնարկել, բնության ձայները աստիճանաբար դառնում են արևաողջյունի բազմազանություն ու լուսաբացի հոտը հանդարտ տարածվում է օդում: Ու հանկարծ հասկացա, որ ամեն վայրկյանը կյանք է, և օրը այնքան վայրկյան ունի, որ դու կարող ես հասցնել ապրել: Ապրել ու սիրել:

 

***

-Աստիճանաբար վերադարձեք այս իրականություն, շարժեք Ձեր ձեռքի մատները, ոտքի մատները, ձգվեք, թեքվեք աջ կողմի վրա: Մի քանի շունչ մնացեք այս դիրքում, զգուշությամբ բարձրացեք, նստեք խաչած ոտքերով: Ձեռքերը պահեք կրծքավանդակի առջև աղոթքի դիրքով: Շնչեք, արտաշնչեք…օմմմմ: Զգուշությամբ բացեք ձեր աչքերը: Նամաստե:

 

Ваши интересные комментарии

Ваши комментарии